Դեպի վեր

«Անելիք Բանկ»-ի մասնաճյուղում գործարկվել է պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակ

11/04/2017

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր «Անելիք Բանկ»-ի մասնաճյուղում (Տիգրան Մեծի 4) մասնակցել է  պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակի գործարկմանը:

Նախարարը կարևորել է հերթական գրասենյակի գործարկումը «Անելիք Բանկ»-ի մասնաճյուղում և ընդգծել, որ պետական մարմինների կողմից մատուցվող 67 պետական ծառայություն հնարավոր է ստանալ նաև միասնական այս գրասենյակում՝ խնայելով և ժամանակ և ռեսուրսներ: «Մեր նպատակը ՀՀ քաղաքացիների համար պետության կողմից մատուցվող ծառայությունները հասանելի դարձնելն է՝ հնարավորություն տալով նրանց իրենց համար մոտ և նախընտրելի վայրից ստանալ ծառայությունը»,- նշել է Արփինե Հովհաննիսյանը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը բարձր է գնահատել պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակի գործարկումը «Տիգրան Մեծ» մասնաճյուղում և ընդգծել, որ բանկը մշտապես շարունակում է ընդլայնել և կատարելագործել մատուցվող ծառայությունների տեսականին: Նա հավելել է նաև, որ հետայսու բանկի երևանյան մասնաճյուղերում քաղաքացիները հնարավորություն կստանան օգտվելու միասնական գրասենյակների ծառայություններից:

Հիշեցնենք, որ ներկայում ՀՀ ողջ տարածքում գործում է 40 միասնական գրասենյակ, որից 15-ը՝ Երևանում, մյուսները՝ Գառնիում, Գյումրիում, Վաղարշապատում, Հաղարծնում, Իջևանում, Բյուրականում, Կարբիում, Արմաշում, Մեծամորում, Զվարթնոցում, Սարուխանում, Ծովագյուղում, Մաստարայում, Վանաձորում, Նոյեմբերյանում, Գավառում, Բերդում, Ալավերդիում, Ստեփանավանում, Եղեգնաձորում, Վայքում, Գորիսում, Կապանում և Մեղրիում:

Պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորներն են՝ «Հայփոստ», «Արդշինբանկ», «Աﬔրիաբանկ», «Կոնվերս բանկ», «Անելիք բանկ» և «Հայէկոնոմբանկ» ընկերությունները: Միասնական գրասենյակներում ՀՀ  քաղաքացիները կարող են օգտվել Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների, Անշարժ գույքի կադաստրի, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, ՀՀ արտաքին գործերի նախարարության, Ոստիկանության և Միգրացիոն պետական ծառայության կողմից մատուցվող  մի շարք ծառայություններից: ՀՀ Նախագահի կարգադրությամբ հաստատված Իրավական և դատական բարեփոխումների 2012-2017թթ. ռազմավարական ծրագրով սահմանված և ՀՀ վարչապետի հանձնարարականով մեկնարկած բարեփոխումների այս շղթան շարունակական է լինելու և միասնական գրասենյակներ են գործարկվելու ՀՀ բոլոր մարզերի գյուղական համայնքներում: Միասնական գրասենյակներում մատուցվող ծառայությունների ցանկին և գրասենյակների հասցեներին կարող եք ծանոթանալ Արդարադատության նախարարության կայքի միջոցով՝ http://moj.am/services/service_offices :

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն