Դեպի վեր

«Զվարթնոց» ժամանողներն ու մեկնողները տեղում պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակից օգտվելու հնարավորություն կունենան

14/02/2017

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր «Զվարթնոց» օդանավակայանում մասնակցել է «Հայփոստ»-ի բաժանմունքում պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակի գործարկմանը:

Նախարարի խոսքով՝ «Զվարթնոց» ժամանողներն ու մեկնողները պետական մարմնից համապատասխան տեղեկանքը ստանալու համար կարող են մտնել օդանավակայանում գործող «Հայփոստ»-ի գրասենյակ, դիմում ներկայացնել կամ ստանալ պատրաստված փաստաթուղթը՝ խնայելով և՛ ժամանակ, և՛ ճանապարհածախսի համար հատկացվող ֆինանսներ:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ հնարավոր է այնպիսի իրավիճակ, երբ քաղաքացին կարող է օդանավակայանի «Հայփոստ»-ի գրասենյակում ներկայացնել  դիմում, օրինակ՝ ընտանեկան կարգավիճակի կամ չդատվածության մասին տեղեկանք ստանալու վերաբերյալ, և փաստաթուղթը ստանալ քաղաքում գործող մեկ այլ միասնական գրասենյակից: «Քաղաքացին կարող է նաև  Երևանում կամ մարզերում գործարկված գրասենյակներից մեկում ներկայացնել դիմում՝  մատուցվող ծառայություններից որևէ մեկի վերաբերյալ, իսկ տեղեկանքը ստանալ հենց օդանավակայանում  և մեկնել»,-ասել է նախարարը:

 

Միասնական գրասենյակներում ՀՀ  քաղաքացիները կարող են օգտվել Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների, ՀՀ կառավարության կողմից լիազորված անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող պետական կառավարման հանրապետական մարմնի սպասարկման գրասենյակների, ՔԿԱԳ-ի, ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից մատուցվող ծառայություններից: Հիշեցնենք, որ այս պահին պետական ծառայությունների մատուցման գրասենյակներ են գործում Երևանում, Գառնում, Գյումրիում , Էջմիածնում , Իջևանում  և Հաղարծնում:

Միասնական գրասենյակներում մատուցվող ծառայությունների ցանկին և գրասենյակների հասցեներին կարող եք ծանոթանալ Արդարադատության նախարարության կայքի միջոցով:

Պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակներ կգործարկվեն նաև բոլոր մարզերի գյուղական համայնքներում:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն