Դեպի վեր

Պետական ծառայությունների մատուցման միասնական նոր գրասենյակներ են գործարկվել

02/02/2017

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը փետրվարի 2-ին, Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում, Իջևանում և Հաղարծինում մասնակցել է պետական ծառայությունների մատուցման միասնական երկու գրասենյակների գործարկմանը: Տավուշի մարզի բնակիչները պետական մարմնից համապատասխան տեղեկանքը ստանալու համար մայրաքաղաք հասնելու փոխարեն այսուհետ կարող են այցելել Իջևանի «Արդշինբանկ» մասնաճյուղ կամ Հաղարծինի «Հայփոստ»-ի գրասենյակ և ստանալ այդ փաստաթուղթը՝ խնայելով և՛ ժամանակ, և՛ ճանապարհածախսի համար հատկացվող ֆինանսներ:

 Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնությանը միացած բոլոր օպերատորներին և հորդորել քաղաքացիներին օգտվել Կառավարության ընձեռած այս հնարավորությունից:

 Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր դիրեկտորատի գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնի խոսքով՝ սա, իրապես, էական նշանակություն ունեցող նախաձեռնություն է, և Հայաստանը առաջին երկրներից մեկն է, որ կարողացել է նման ձեռքբերում արձանագրել: «Սա շատ լավ օրինակ է, թե ինչպես պետական ծառայությունները կարող են ավելի հասանելի դառնալ քաղաքացիներին»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը:

 Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ և ի կատարումն ՀՀ Նախագահի կարգադրությամբ հաստատված Իրավական և դատական բարեփոխումների 2012-2017 թվականների ռազմավարական ծրագրից բխող միջոցառումների ցանկի 8.4.1. կետի՝ Արդարադատության նախարարությունը նախաձեռնեց և կարճ ժամանակում կյանքի կոչեց պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակների գաղափարը, որոնք արդեն գործում են Երևանում՝ «Հայփոստ»-ի (հասցե՝ Նալբանդյան 21), «Արդշինբանկ»-ի (հասցե՝ Տիգրան Մեծի 24), «Աﬔրիաբանկ»-ի (հասցե՝ Դեղատան 6) և «Կոնվերս բանկ»-ի ( հասցե՝ Քաջազնունու 4/6) մասնաճյուղերում, Գառնի համայնքում գտնվող «Հայփոստ»-ի գրասենյակում, ինչպես նաև Գյումրի (հասցե՝ Ռիժկովի 5) և Էջմիածին ( Մ.Մաշտոցի 2) քաղաքների   «Հայփոստի» գրասենյակներում, այսուհետ նաև Իջևանի «Արդշինբանկ» (հասցե՝ ք. Իջևան, Մելիքբեկյան 10) մասնաճյուղում և Հաղարծինի «Հայփոստ»-ի գրասենյակում:

 Կառավարության հունվարի 26-ի որոշմամբ, պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկն ընդլայնվեց՝ ընդգրկելով նաև «Անելիք բանկ» և «Հայէկոնոմբանկ» ընկերություններին: Միասնական գրասենյակներում մատուցվող ծառայությունների ցանկին կարող եք ծանոթանալ Արդարադատության նախարարության կայքի միջոցով՝ http://moj.am/services/service_offices :

 Պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակներ գործարկվելու են նաև բոլոր մարզերի գյուղական համայնքներում:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն