Հայաստանի դեմ ՄԻԵԴ վճիռների մեծ մասն օրենսդրական բացերի հետևանք է. նախարար

24/08/2016

Կառավարության վերջին նիստի ընթացքում վարչապետը հանձնարարեց  ֆինանսների նախարարությանն ու կառավարության աշխատակազմին` քննարկել, թե որքան գումար է պետությունը  հատկացրել 2014–2015 թվականների և այս տարվա ութ ամիսների ընթացքում ՄԻԵԴ-ի որոշումներով փոխհատուցումներ տալու համար: Վարչապետի հանձնարարականը և նրա հարցադրումը, թե  այդ սխալ որոշումների համար ինչ-որ մեկը պե՞տք է պատասխան տա, թե՞ ոչ,  հասարակության շրջանում հերթական անգամ խնդիրը բարձրաձայնելու առիթ հանդիսացավ:

Հայաստանի դեմ կայացված որոշումների, ինչպես նաև այդ որոշումների արդյունքում պետության կրած վնասների և այլ հարցերի շուրջ Yerkir.am-ը զրուցել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ:

 -Այս տարիների ընթացքում քանի՞ գանգատ է ներկայացվել ընդդեմ Հայաստանի, և որքա՞ն գումար է պետական բյուջեից տրամադրվել 2014-2016` որպես փոխհատուցում:

- Հայաստանի Հանրապետության կողմից Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան վավերացվել է 2002թ. ապրիլի 26-ին: Դրանից հետո, թե որքան գանգատ է ներկայացվել Հայաստանի Հանրապետության դեմ, հնարավոր չէ նշել, քանի որ գանգատների հաշվառումը վարում է Եվրոպական դատարանը: Եվրոպական դատարանի պաշտոնական կայք-էջից պարզ է դառնում, որ 2002թ-ից մինչև 2016թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում  Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված գանգատներից դատարանի քննությանը հանձնվել է  2642 գանգատ, որոնցից 1351-ը Եվրոպական դատարանի կողմից անընդունելի են ճանաչվել կամ հանվել են քննվող գործերի ցուցակից: Մնացած գանգատներով դատարանը ընդունելիության և ըստ էության քննության վերաբերյալ որոշում դեռ չի կայացրել: Այս պահի դրությամբ Հայաստանի վերաբերյալ կայացված վճիռների թիվը կազմում է 68, որոնցից 3-ով դատարանը որևէ խախտում չի արձանագրել, իսկ մնացածով արձանագրել է առնվազն 1 խախտում: 2014թ-ից մինչև օրս  ընդդեմ Հայաստանի 20 վճիռ է կայացվել: 2002թ-ից մինչև 2016թ. օգոստոսի 23-ը ՀՀ պետական բյուջեից փոխհատուցվել է 528,974 եվրոյին համարժեք ՀՀ դրամ:


-Հայաստանի դեմ կայացված վճիռներով արձանագրված խախտումների մասով արդյո՞ք վերլուծություններ կատարվել են:

-Վերջին երեք տարիներին կայացված վճիռների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դրանց մեծամասնությունը հետևանք է եղել օրենսդրական թերկարգավորումների ու բացերի: Մենք բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ ենք կատարել: Օրինակ՝ վերացվել է հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանների ինստիտուտը, որի հետ կապված վճիռներ կային պետության դեմ, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով կարգավորվել են մի շարք խնդիրներ, որոնց պատճառով ժամանակին գանգատներ էին ներկայացվել Եվրոպական դատարան: Ներդրվել է ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը, որի բացակայությունը ևս խնդրահարույց էր:

-Այս տարիներին ՄԻԵԴ վճիռներից ի՞նչ հետևություններ է արել պետությունը:

-Բնականաբար, հետևություններ արվել են: Ես բազմիցս նշել եմ, որ ՄԻԵԴ վճիռների քանակով Հայաստանը վատթարագույն վիճակում չէ: Հայաստանի դեմ կայացված վճիռների վերլուծությունը ցույց է տալիս, որ իրականում եղել են բազմաթիվ օրենսդրական սխալ կարգավորումներ, անհստակություններ, որոնք ոչ թե խոսում են կայացված սխալ՝ սուբյեկտիվ որոշման մասին, այլ այն մասին, որ այդ ժամանակ փաստացի կիրառվել է այն օրենսդրությունը, որը տվյալ  պահին գործել է:  Օրինակ` մի գործով ՄԻԵԴ-ը խախտում էր համարել  այն,  որ դատավորը չի կարողացել վիճարկել  նախագահի` դատավորի պաշտոնից իրեն ազատելու վերաբերյալ հրամանագիրը, ինչը գործող օրենսդրության բացն էր:

-Իսկ շա՞տ են դատավորի սխալի հետևանքով կայացված որոշումները:

-Այնպիսի գործեր, որ ՄԻԵԴ-ը փաստի, թե առկա է դատավորի կողմից օրենքի ոչ ճիշտ կիրառություն, բավականին սակավաթիվ են:

-Արդյո՞ք ճիշտ է սխալ որոշում կայացրած դատավորից պահանջել փոխհատուցում վճարել սեփական գրպանից:

 -Այսօր տարբեր պատճառներով հնարավոր չի լինում դատավորի դեմ կարգապահական վարույթ հարուցել կամ այլ:   Օրինակ` վերջերս մի գործ ունեինք, երբ հիմքեր կային կարգապահական վարույթ հարուցելու, սակայն պարզվեց, որ վերաքննիչ դատավորների եռյակից երկուսն այլևս դատավորներ չեն: Բանն այն է, որ ՄԻԵԴ-ում գործերի քննությունը տարիներ է տևում, իսկ այդ ընթացքում շատ բան կարող է փոխվել: Իսկ ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ պատասխանատվությունը դրվի պաշտոնատար անձի վրա, նշենք, որ  նման որոշումները փոքր տոկոս են կազմում:

ՄԻԵԴ-ի կայացրած վճիռները քննարկման առարկա են դառնում շատ երկրներում: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը բազմաթիվ բանաձևեր ունի` վճիռների կատարման քննարկման հետ կապված: Այդ բանաձևերից որևէ մեկում անձնական պատասխանատվության գաղափարը չի խրախուսվում, այսինքն` այն, որ կոնկրետ դատավորի վրա դրվի Եվրադատարանի վճռով հատուցման պարտականությունը: ՄԻԵԴ-ի վճիռները պետության դեմ են, այսինքն` երբ քաղաքացին սպառում է ներպետական ատյաններում արդարադատության հասնելու միջոցները, դիմում է Եվրոպական դատարան, այսինքն` այստեղ պատասխանատվություն կրողը պետությունն է: Այլ բան է, երբ  գործ ունենք դատական սխալ որոշման հետ, որը կապված է ապօրինի ձերբակալման կամ կալանավորման հետ: Նմանատիպ դեպքերով, եթե խախտումն ապացուցված է դատական ակտով, ապա  «ռեգրեսիվ հայցով» պետությունն իրավունք ունի վճռի համաձայն քաղաքացուն փոխհատուցում տրված գումարը բռնագանձելու այն դատավորից, որի  գործողությունների արդյունքում ոտնահարվել է քաղաքացու  իրավունքը, և տուժել է պետությունը:

Ես վստահեցնում եմ, որ հետևություններ են արվում բոլոր առումներով` թե’ դատական սխալի,  թե’ իրավական բացի տեսանկյունից:

 -Գործող օրենսդրության մեջ  կա՞ն այնպիսի թերացումներ, որոնք հիմք կտան քաղաքացիներին իրավունքի խախտման դեպքում գանգատներ ներկայացնել ՄԻԵԴ:

-Այսօր ՀՀ 4 կարևորագույն օրենսգրքերը, այդ թվում` քաղաքացիական և քրեական դատավարություն օրենսգրքերը, ամբողջական, լրջագույն վերանայման փուլում են, իսկ դա նշանակում է շանս՝ տրված պետությանը, մեզ ՝ բոլորիս,  գրել այնպիսի օրենսդրություն, որը հետագայում կբացառի այն դեպքերը, որ մեր օրենսդրական բացն է հնարավորություն տվել կոնվենցիայի դրույթները խախտելու:

-Օրենսդրական բարեփոխումների մասին խոսելիս անհնար է շրջանցել քրեակատարողական ոլորտում իրականացվող բարեփոխումները: Ներկայումս  ի՞նչ փուլում է մեր երկրում պրոբացիոն  ծառայության ներդրման գործընթացը:

-Սեպտեմբերի 1-ից պրոբացիոն ծառայությունն ամբողջական ծավալով կգործի: Այժմ մենք բանակցություններ ենք վարում համապատասխան սարքավորումներ՝ էլեկտրոնային հսկողության մեծանիզմներ ձեռք բերելու համար:

Դեռևս անելիքներ կան` պրոբացիոն ծառայողների վերապատրաստման հետ կապված. մեկնարկելու է ատեստավորումների փուլը, քանի որ մոտեցումների տարբերություններ կան քրեակատարողական ծառայողի և պրոբացիոն ծառայողի միջև, որոնք պետք է կարգավորվեն:

 -Իրավական ոլորտին առնչվող թերևս չլուծված խնդիրներից է հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի արտահանձման խնդիրը: Այս գործընթացում ի՞նչ առաջընթաց կա:

-Տարեվերջյան ասուլիսի ժամանակ ես լիահույս էի, որ այս տարի այդ հարցը կլուծվի, սակայն պարզվեց, որ ներկայումս վթարից տուժածների իրավահաջորդների կողմից Հարությունյանի դեմ բազմաթիվ քաղաքացիական հայցեր են ներկայացված, ինչը բարդացնում է  արտահանձնման գործընթացը: Տարեվերջին նրա դեմ որևէ հայց ներկայացված չէր, իսկ հիմա իրավիճակն այլ է: Նման պարագայում ժամկետների մասին խոսելն անհնար է:

Զրուցեց Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆԸ

 

Սկզբնաղբյուրը ՝ http://www.yerkir.am/news/view/111942.html