Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական ֆորումին

27/05/2015

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական քառօրյա այցով Սանկտ Պետերբուրգում է՝ Պետերբուրգյան միջազգային իրավաբանական ֆորումին մասնակցելու նպատակով:

 «Եվրասիական ինտեգրացիա. Եվրասիական տնտեսական միության պայմանագրի ստորագրումից մեկ տարի անց» թեմայով այսօրվա համաժողովին  ելույթ է ունեցել Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը: Նա անդրադարձել է վերջին մեկ տարվա ընթացքում այս համատեքստում տեղի ունեցող զարգացումներին և նշել, որ սկսվել է ընդլայնման ակտիվ գործընթաց երկու ուղղությամբ՝ աշխարհագրական՝ ընդլայնելով տնտեսական տարածության ֆիզիկական սահմանները, և բովանդակային՝ ստեղծելով իրավական հիմք՝ տնտեսական ընդհանուր տարածությունում համագործակցելու նպատակով:

 «Կարծում եմ` աշխատանքների իրականացումը բարձր մակարդակով է ընթանում: Դա պայմանավորված է անցումային գործընթացի կրճատման անհրաժեշտությամբ: Պետք է այնպես անել, որ նոր մեխանիզմներն ու ինստիտուտներն աշխատեն ողջ ծավալով, որպեսզի մեր ժողովուրդները հնարավորինս շուտ զգան նոր ինտեգրացիոն համակարգի դրական կողմերը»,- ասել է փոխնախարարը:

Վիգեն Քոչարյանի խոսքով՝ մի քանի ամիսը շատ կարճ ժամանակահատված է արդյունքներն ամփոփելու համար, սակայն համաժողովը լավ առիթ է հանդիպելու գործընկերների հետ և քննարկելու եվրասիական ինտեգրացիայի իրավական խնդիրները:

 Նախարարի տեղակալի համոզմամբ, անդամ երկրների մոտեցումների նմանությունը պայմանավորված է ոչ միայն եվրասիական ինտեգրացիայի հաջող իրավական բաղադրիչ ունենալու շահագրգռվածությամբ, այլև մեր իրավական ավանդույթների և մշակույթի նմանությամբ: «Կարծում եմ սա լավ փաստարկ է, որից չպետք է հրաժարվել»,- նշել  է Վիգեն Քոչարյանը և ընդգծել, որ ԵԱՏՄ նորմատիվ ակտերի նախաձեռնման և մշակման ընթացքում պետք է յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար պահպանել համամասնությունը ազգային, միջկառավարական և վերազգային մակարդակներում որոշումների կայացման գործընթացում:

 Անդրադառնալով գործարար միջավայրին առնչվող մտահոգություններին՝ Վիգեն Քոչարյանը նշել է, որ նոր կարգավորումներ մտցնելու արդյունքում պետք է մինիմումի հասցվեն բիզնեսին ծանրաբեռնող երևույթները: «Ոչ խոշոր երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, որտեղ տնտեսական գործունեությունը ուղղակիորեն կապված է արտաքին տնտեսական ոլորտի հետ, ինտեգրացիոն օրենսդրության կարգավորման ազդեցությունը կանդրադառնա տնտեսվարող սուբյեկտների լայն շրջանակի վրա և կծածկի ողջ բիզնես դաշտը: Այս կապակցությամբ կարևոր է բիզնես միջավայրի համար ընդունվող և մշակվող որոշումների մասին ժամանակին իրազեկումը»,- շեշտել է փոխնախարարը:

 Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ն, լինելով տնտեսական միություն, պետք է առաջնորդվի անդամ-պետությունների շահերով և «ինչը լավ է բիզնեսի համար, դա լավ է ԵԱՏՄ-ի համար» սկզբունքով: Այսպես, նորմատիվ կարգավորման շրջանակում թափանցիկությունն ու կանխատեսելիությունը պետք է դառնան անդամ երկրների գործունեության հրամայականները:

 Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի համոզմամբ, տեխնիկական և ոլորտային կարգավորման գործընթացում պետք է հաշվի առնել, իսկ որոշ դեպքերում՝ որպես կողմնորոշիչ կիրառել այլ ինտեգրացիոն միությունների օրենսդրության մոտարկման և ներդաշնակեցման դրական փորձը, առաջին հերթին՝ Եվրոպական Միության, որը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության խոշորագույն գործընկերը, որի հետ աշխատում են մեր բազմաթիվ  ձեռնարկատիրական ընկերությունները: «Տասնամյակներով մշակված ԵՄ ստանդարտները կարող են հադիսանալ ԵԱՏՄ շրջանակում նորմատիվ աշխատանքի լավագույն խթան»,- ասել է փոխնախարարը:

 Հայտնի է, որ Հայաստանը չունի ընդհանուր սահմաններ ԵԱՏՄ-ի հետ: Վիգեն Քոչարյանի խոսքով՝ այսպիսի իրավիճակը բացառիկ է համաշխարհային տնտեսական միությունների փորձում, ինչն իրենով աշխարհաքաղաքական իրականության կողմից նետված օբյեկտիվ մարտահրավեր է:

 «Բնական է, որ այսպիսի իրավիճակը ստեղծում է որոշակի բարդություններ և խնդիրներ, սակայն մենք Հայաստանում տրամադրված ենք հաղթահարելու դրանք մեր բոլոր գերատեսչությունների հետևողական աշխատանքի, ինչպես նաև՝ մեր գործընկերների կողմից այդ իրականությունը հասկանալու և հաշվի առնելու շնորհիվ»,- նշել է նախարարի տեղակալը և վստահություն հայտնել, որ համատեղ աշխատանքն ու համակարգված ջանքերը կապահովեն ցանկալի արդյունք՝ արդյունավետ իրավական ինտեգրացիա և մեր երկրների բարօրության համար աշխատող իրավական համակարգ: