«Կտրենք կոռուպցիոն շղթան». կոռուպցայի դեմ պայքարի այս տարվա կարգախոսը

09/12/2014

 Դեկտեմբերի 9-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի է ունեցել «Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան» նվիրված ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի մամուլի ասուլիսը: Նախարարի տեղակալը լրագրողներին է ներկայացրել կոռուպցիայի դեմ պայքարի ՀՀ կառավարության ծրագրային դրույթները, ձեռնարկվող ու ձեռնարկվելիք միջոցառումները: Նրա խոսքով՝ կոռուպցիան չարիք է, որի դեմ պետք է պայքարեն աշխարհի բոլոր երկրները. այն խոչընդոտում է ժողովրդավարական  կառավարմանն ու արժեհամակարգի ձևավորմանը, մարդու իրավունքների իրացմանը, տնտեսության զարգացմանը և այլն:

 Սուրեն Քրմոյանը ներկայացրել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտին առնչվող ՀՀ ստանձնած պարտավորություններն ու միջազգային կառույցների հետ համագործակցությունը:

 Նախարարի տեղակալն անդրադարձել է վերջերս շրջանառության մեջ դրված Հակակոռուպցիոն ռազմավարությանը, որով սահմանվել է նոր տեսլական. այն ուղղված է լինելու հանրային ծառայությունների դերի ու որակի բարձրացմանը: «Քաղաքացի-պետական ծառայող շփման արդյունքում է կոռուպցիոն ռիսկը մեծանում: Մեր հասարակությունն այս երևույթի նկատմամբ հանդուրժող է և կոռուպցիայի վտանգավորությունը հաճախ չի գիտակցում»,-ընդգծել է փոխնախարարը:

 Այս տարվա կարգախոսն է՝ «կտրենք կոռուպցիոն շղթան», որը կարևոր ուղերձ է և ուղղված է բոլորին՝ թե՛ քաղաքացիական, թե պետական սեկտորին:

 Սուրեն Քրմոյան համոզմամբ, քաղաքացի-կազմակերպություն-պետություն շղթայի համագործակցության արդյունքում է հնարավոր պայքար մղել այս արատավոր երևույթի դեմ:

 Հակակոռուպցիոն ռազմավարությունն ուղղված է չորս առավել խոցելի ոլորտներին` առողջապահությանը, կրթությանը, պետական եկամուտների հավաքագրմանն ու ոստիկանության՝ քաղաքացիներին մատուցվող ծառայություններին: Նախարարի տեղակալի կարծիքով, սրանք այն թիրախային ոլորտներն են, որոնք առավել մեծ ուշադրության և ջանքերի կենտրոնացման անհրաժեշտություն ունեն: Դիտարկվում են այլ ոլորտներ ևս, մասնավորապես՝ սոցիալականը, ինչի համար կգնահատվեն ռիսկային գործոնները, կկատարվեն վերլուծություններ և կներկայացվեն առաջարկություններ:

 Եվրասիական տնտեսական միությանը միանալու դեպքում հնարավոր ռիսկերի մասին հարցին փոխնախարարը պարզաբանեց, որ եթե տնտեսական միությանը միանալու դեպքում առաջանան նոր իրողություններ, այդ դեպքում կառավարությունը կիրականացնի համապատասխան միջոցառումներ, անհրաժեշտության դեպքում կարվեն համապատասխան շտկումներ: «Մեր օրենսդրությունը համապատասխանեցվել է միջազգային չափանիշներին, իրականացվում են կրթական ծրագրեր՝ իրավական ոլորտի մասնագետներին վերապատրաստելու համար, սակայն ոլորտում դեռևս կան խնդիրներ»,- ասել է Սուրեն Քրմոյանը:

 Հարկահավաքման գործընթացում, ըստ փոխնխարարի, կոռուպցիոն հիմնական ռիսկը քաղաքացի-պետական կառավարման մարմին շփման մեջ է: Այդ նպատակով է Կառավարությունը ներդրել էլեկտրոնային կառավարման համակարգ, որն ընդլայնվելու միտում ունի: Այն նպաստում է քաղաքացիների հետ անմիջական շփումների հնարավորինս կրճատմանը:

 Լրագրողները հետաքրքրվել են կոռուպցիայի դեմ պայքարում Արդարադատության նախարարության դերակատարությունից: Փոխնախարարը պարզաբանել է, որ նախարարության հիմնական գործառույթն օրենսդրական բազայի ապահովումն է: Մշակվել ու մշակվում են իրավական ակտեր, որոնք կնվազեցնեն կոռուպցիոն երևույթները մեր կյանքում:  Սուրեն Քրմոյանի գնահամամբ, կոռուպցիայի դեմ պայքարում կա որոշակի առաջընթաց: Այն կունենա շարունակականություն, եթե հետևողականորեն ներդրվեն էլեկտրոնային կառավարման մեխանիզմները: