Ներկայացվել է «Արդյունավետ դատական համակարգեր» թեմայով զեկույցը

23/10/2014

 ՀՀ արդարադատության նախարարությունում այսօր տեղի է ունեցել կլոր սեղան քննարկում, որին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, Եվրոպայի խորհրդի Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի (ԱԱԵՀ) անդամ Ֆրանս ֆան դեր Դոելեն, ԱԱԵՀ դատական համակարգերի գնահատման աշխատանքային խմբի անդամ Ադիս Հոջիչը,  քարտուղարության ներկայացուցիչ Սոֆո Գելաշվիլին, ՀՀ արդարադատության նախարարության, ԵԽ երևանյան գրասենյակի, ինչպես նաև Դատական դեպարտամենտի այլ ներկայացուցիչներ:

 Հանձնաժողովի նպատակը դատական համակարգերի  արդյունքների վերլուծությունն է եվրոպական արդարադատական համակարգերի որակի և արդյունավետության բարելավումն է, դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացումն է: Դրանց իրագործման նպատակով ԱԱԵՀ հանձնաժողովը համագործակցում է ՀՀ արդարադատության նախարարության հետ, քանի որ վերջինը շահագրգռված է Հայաստանի և եվրոպական դատական համակարգերի գործառնությունների հիմքերի համապատասխանեցման հարցում:

 Հանդիպմանը ներկայացվել է «Արդյունավետ դատական համակարգեր» թեմայով զեկույցը: Այն մշակվել է «Արևելյան գործընկերության երկրներում դատական բարեփոխումների հզորացում» համատեղ ծրագրի շրջանակներում և իրականացվել ԵԽ աջակցությամբ ու ԵՄ ֆինանսավորմամբ:  Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի (ԱԱԵՀ) անդամ Ֆրանս ֆան դեր Դոելեի տեղեկացմամբ, ԱԱԵՀ-ն մշակում է հստակ և պրագմատիկ կառավարման գործիքներ, լավագույն գործելակերպեր և ուղենիշներ, որոնք ուղղված են քաղաքականություն մշակողներին և դատավարական ոլորտի մասնագետներին: Կառույցը նաև վերլուծում է դատական համակարգերի գործառնությունը, զեկույցներ է ներկայացնում եվրոպական դատական համակարգերի վերաբերյալ:

 «Այն միտված է դատական ժամկետների կառավարմանը, խթանում է արդարադատության հանրային ծառայության որակի բարձրացմանը, իրականացնում է հետազոտություններ, վերլուծություններ, որոնց նպատակն է դյուրացնել եվրոպական չափանիշների կիրառումը և աջակցություն տրամադրել անդամ պետություններին նրանց խնդրանքով»,- նշել է հանձնաժողովի ներկայացուցիչը:

 Հանդիպմանը ներկայացվել են նաև ԱԱԵՀ-ի կիրառած ցուցիչները, որոնք վերաբերում են դատական գործերի լուծման տոկոսին, ծանրաբեռնվածությանը, ժամանակին, արտադրողականությանը և ծանրաբեռնվածության բեռնաթափմանը: «Պետք է բարձրացնել դատական համակարգի արտադրողականությունը, այսինքն՝ գործերը պետք է լուծվեն օպտիմալ ժամանակահատվածում, բարձր որակով, իսկ դրա համար առաջնային է ծանրաբեռնվածության կրճատումը»,-ասել է ֆան դեր Դոելենը: