Ամփոփվել են Ժողովրդավարության օրվան նվիրված մրցույթի արդյունքները

17/09/2014

ՀՀ արդարադատության նախարարությունում ամփոփվել են  ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համատեղ Ժողովրդավարության միջազգային օրվան նվիրված մրցույթի արդյունքները:  Տասնհինգ օր շարունակ նախարարությունը ստանում էր ժողովրդավարությանը նվիրված կարգախոսներ և լուսանկարներ: Մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել ավելի քան հիսուն երիտասարդ: Մասնակիցների ակտիվությունը բարդ ընտրության առաջ էր կանգնեցրել: Ժյուրին ի վերջո որոշում էր կայացրել պարգևատրել բոլոր հաջողված կարգախոսների և լուսանկարների հեղինակներին:   

Մրցանակակիրների մեջ կային նաև դպրոցականներ, ովքեր ցանկություն են հայտնել պարգևատրվել անձամբ նախաարարի կողմից: Նախարար, ընդառաջ գնալով պատանիների անմիջական ցանկությանը, սիրով ստանձնել է հավաստագրեր հանձնելու գործը: Նախարարը երիտասարդներին խնդրել է ևս մեկ անգամ սահմանել ժողովրդավարություն հասկացությունը: Նա կիսվել է նաև  ժողովրդավարության վերաբերյալ իր տեսակետով. «Երկար եմ մտածել, թե ինչ է ժողովրդավարությունը: Կարծում եմ, մեկ բառով, այն՝ հանդուրժողականություն է, իսկ հանդուրժողականությունը. ժողովրդավարության կոնտեքստում, մեկ ուրիշի  բնածին իրավունքի ճանաչումն է լինելու տարբեր, քան դու ես»: Հովհաննես Մանուկյանը շնորհակալություն  է  հայտնել մրցույթի հաղթողներին մասնակցության և հետաքրքիր կարգախոսներ ու լուսանկարներ ներկայացնելու համար՝ մաղթելով հաջողություն և ակտիվ նեգրավվածություն ժողովրդավարական գործընթացներում:

 Հանդիպման մասնակից  UNICEF-ի ներկայացուցիչ Հենրիեթ Արենսը  նվերներ է հանձնել իրենց կազմակերպության կողմից՝ մաղթելով երիտասարդներին չընկրկել խոչընդոտների առջև և միշտ հավատարիմ մնալ ժողովրդավարության արժեքներին: