Շարունակվում է դատապարտյալներին աշխատանքով ապահովելու գործընթացը

28/08/2014

 ՀՀ արդարադատության նախարարության «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը 2014 թվականի առաջին կիսամյակում կարողացել է աշխատանքով ապահովել մոտ 100 դատապարտյալի:

 Նրանք ներգրավված են ինչպես հացի և մակարոնի, կարի և գորգագործության արտադրության, այնպես էլ գյուղատնտեսական և անասնապահական աշխատանքներում:

 «Նուբարաշեն», «Կոշ», «Սևան», «Գորիս», «Վանաձոր» և «Արթիկ» ՔԿՀ-ներում գործող հացի արտադրամասերի շնորհիվ Հիմնադրամը կարողանում է ապահովել բոլոր քրեակատարողական հիմնարկների հացի, իսկ «Աբովյան» ՔԿՀ-ում գործող մակարոնի արտադրամասի շնորհիվ՝ նաև մակարոնեղենի պահանջարկը:

 Նախորդ տարիներին դատապարտյալները մասնակցել են նաև պահածոներ, մասնավորապես՝ թզի ջեմ պատրաստելու գործընթացին, սակայն Մեղրիի Նռնաձոր համայնքում 2014 թվականի մայիսին տեղացած առատ կարկուտի և ցրտահարության հետևանքով թզի բերքատվությունը ցածր է եղել և այս  տարի պահածոյացման աշխատանքներ կազմակերպել չի հաջողվել: 

 Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում ստեղծագործական աշխատանքների մեջ ներգրավվել և պայմանագրեր է կնքվել մոտ 40 դատապարտյալի հետ: Վերջինների պատրաստած հուշանվերների վաճառքից առաջացած հասույթը փոխանցվել է նրանց դեպոզիտային հաշվին:

 2002 թվականից գործող «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի առաջնային խնդիրներից մեկը դատապարտյալներին աշխատանքով ապահովելն է: Դատապարտյալները աշխատում են կամավոր: Աշխատելու ցանկություն ունեցողների հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր