Քրեակատարողական համակարգի ծառայողների վերապատրաստումն էլ ավելի արդյունավետ դարձնելու նպատակով ստեղծվել է թեստավորման առցանց ծրագիր

31/07/2014

 «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինտիտուտ» ՊՈԱԿ-ը, քրեակատարողական համակարգի ծառայողների վերապատրաստումն էլ ավելի արդյունավետ դարձնելու նպատակով, ստեղծել է թեստավորման առցանց ծրագիր:

Այն  քրեակատարողական ծառայողներին հնարավորություն է տալու մինչև հաջորդ վերապատրաստումը մնալ տեղեկացված և աշխատել սեփական գիտելիքների զարգացման ուղղությամբ: Ծրագիրն ունի օգտատիրոջ անվամբ և ծածկագրով մուտքի հնարավորություն դեպի օնլայն թեստավորում,և քրեակատարողական ծառայողը ցանկացած պահի կարող է թեստ անցնել:

 Իրավաբանական ինստիտուտի  www.lawinstitute.am-ում գործող թեստավորման համակարգը կօգնի գնահատել և զարգացնել սեփական գիտելիքները քրեական և քրեակատարողական օրենսդրության վերաբերյալ, մասնավորապես՝ քրեական օրենսդրության առնչությունը քրեակատարողական համակարգին, ուժի գործադրումը քրեակատարողական համակարգում, կալանավորված անձանց պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի, քրեակատարողական հիմնարկներում անվտանգության ապահովման, կալանավորված անձանց և դատապարտյալների նկատմամբ կիրառվող խրախուսանքների և տույժի միջոցների ու դրանց կիրառման կարգի վերաբերյալ:

 Թեստավորման վերջում վերապատրաստվողը միայն կտեսնի այն հարցերը, որոնց պատասխանել է սխալ, իսկ ճիշտ պատասխանը կգտնի ինքնուրույն՝ ստանալով հղումը համապատասխան իրավական ակտերի այս կամ այն հոդվածներին:

 Բացի այն, որ ծրագիրը արդյունավետ է քրեակատարողական ծառայողների համար, այն նաև թույլ է տալիս իրավաբանական ինստիտուտին հետևել ծառայողների թեստավորմանը և արձանագրել, թե վերապատրաստման ո՞ր ոլորտների նյութերի և ծրագրերի վրա է անհրաժետ շեշտադրում անել, զարգացնել դրանք կամ փոփոխության ենթարկել: