Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգումներ

15/05/2012

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը սկսում է 2012 թվականի համար նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգումների (այսուհետ՝ որակավորման ստուգում) անցկացման աշխատանքները:
Որակավորման ստուգման համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության այն բոլոր գործունակ անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և օտար լեզվին տիրապետելու մասին վկայական (դիպլոմ) :

Դիմողը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն (հասցե՝ ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ) է ներկայացնելու՝

1) դիմում , որտեղ պետք է նշվեն՝
ա) դիմողի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում).
բ) այն լեզուն (լեզուները), որով (որոնցով) դիմողն իրականացնելու է թարգմանությունը.
գ) դիմողի բնակության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում).
դ) դիմողի գործունեության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում).

2) 2 գունավոր լուսանկար՝ 4 x 6 չափսի.
3) անձնագիր և անձնագրի պատճեն.
4) բարձրագույն կրթության և համապատասխան լեզվին տիրապետելու մասին վկայականների (դիպլոմների) պատճենները.
5) Պետական տուրքի վճարման անդորրագիր` 20000 ՀՀ դրամի չափով՝ մուծված ՀՀ ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի 900005163630 հաշվին.
6) Փորձագիտական աշխատանքի ստուգման դիմաց վճարման անդորրագիր՝ 21000 ՀՀ դրամի չափով՝ մուծված ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական բաժանմունքում՝ ՀՀ արդարադատության նախարարության համար բացված 900013194056 արտաբյուջետային հաշվին:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2012 թվականի մայիսի 25-ը մինչև ժամը 17:00-ն: 
Որակավորման ստուգումը անց է կացվելու 2012 թվականի հունիսի 4-ին: Ստուգումից առնվազն 7 օր առաջ անցկացման ժամի և տեղի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի դիմողներին, ինչպես նաև կհրապարակվի ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում (www.moj.am / www.justice.am) և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am):
Որակավորման ստուգման հետ կապված հարցերը կարգավորված են «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի «Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգը հաստատելու մասին» N 193 որոշմամբ:
Որակավորման ստուգման համար դիմողներին տրվելու են հայերենով և իրենց կողմից ընտրված օտար լեզվով տեքստեր՝ ընտրված հանձնաժողովի կողմից, որոնք ենթակա չեն հրապարակման: Ստուգման ընթացքում դիմողն իրավունք ունի օգտվելու բառարաններից և համակարգչային տեխնիկայից: Արգելվում է օգտագործել ցանկացած տեսակի հեռահաղորդիչ:
Համրի նշանները հասկացող և խուլի հետ նշաններով բացատրվելու նպատակով վկայական ստանալու համար դիմողներին տրվելու են հայերենով տեքստ` ընտրված հանձնաժողովի կողմից, որը դիմողը պետք է թարգմանի ժեստերի լեզվով: Ինչպես նաև դիմողը կթարգմանի հայերեն լեզվով հանձնաժողովում ընդգրկված թարգմանչի կողմից ժեստերի լեզվով ներկայացված տեքստը: Համրի նշանները հասկացող և խուլի հետ նշաններով բացատրվելու նպատակով համապատասխան տեղեկանք ստանալու համար որակավորման ստուգման ընթացքում իրականացվելու է տեսաձայնագրում: 
Ստուգումների արդյունքները գնահատվում են 20 միավորի համակարգով, 17 և բարձր միավորի դեպքում աշխատանքը համարվում է դրական:
Որակավորման ստուգման հետ կապված տեղեկատվությունը ուղարկվելու է դիմորդներին՝ իրենց ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեներով, ինչպես նաև հրապարակվելու է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում: Հեռախոսազանգով, փոստային առաքմամբ, ֆաքսի միջոցով կամ վերը չնշված որևէ այլ միջոցով ծանուցումներ չեն իրականացվելու:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման հանձնաժողովի քարտուղար Լուսինե Իսկանդարյանին` (010)319 117 հեռախոսահամարով: